Չինաստանում ծնողներն իրենց որդուն տնային կալանքի մեջ են պահել, քանի որ նրան «մոլագար» են համարել, հայտնում է South China Morning Post թերթը։

39-ամյա տղամարդուն «կալանքից» ազատել են այն բանից հետո, երբ հարեւանները նկատել են, որ նա իր «բանտախցի» ճաղերի արանքից հանել է ձեռքերը։ Նրանք բժիշկների են կանչել, որոնք կարողացել են հասնել տղամարդու ազատ արձակմանը։

Տուժածի մայրը պատմել է, որ ինքն ու ամուսինը 1980-ականներին ստիպված են եղել իրենց սեփական որդուն փակել սենյակներից մեկում։ Նրա խոսքով տղան վեց տարեկանից իրեն շատ տարօրինակ էր պահում։ Մայրն ու հայրը եզրակացրել են, որ նա «մոլագար է» ու առանց բժիշկների հետ խորհրդակցելու՝ երեխային փակել են մութ ու խոնավ սենյակում ու կերակրել վանդակի հետեւից։ Մայրը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ է որդուն փողոց հանել։

Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը։ Բժիշկները հայտնաբերել են, որ նա հոգեկան հիվանդ է ու նույնիսկ ունակ չէ հաղորդակցվել՝ խոսելու փոխարեն անհոդաբաշխ հնչյուններ է բղավում։ Տղամարդը թերսնման հետեւանքով նաեւ լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել։ Դեռ հայտնի չէ, արդյոք ծնողները իրենց այդ դաժան արարքի համար պատասխանատվության կենթարկվեն։