Ապրիլի 22-ի առավոտյան Մասիսի ոստիկանության բաժին եկած կինը հայտնել էր, որ մեկ օր է, որ ամուսինը չկա: Նա տնից դուրս էր եկել մեքենայով, ապրիլի 21-ին, նա տաքսի էր վարում: 59-ամյա Հարություն Ազատյանին հայտնաբերելու նպատակով ոստիկանները միջոցառումներ են սկսել եւ պարզել, որ ապրիլի 21-ին, ժամը 18-ի սահմաններում Ազատյանը իր մեքենայով գտնվել է Մասիսի հրապարակում: Այնտեղ Ազատյանի մեքենան է նստել մի տղամարդ: Նախնական տվյալներով, տղամարդը Ազատյանին պատվիրել է քշել Նորամարգ գյուղի ուղղությամբ:

Ոստիկանները Նորամարգում գտել են Ազատյանի մեքենան: Իրավապահները ենթադրում էին, որ նրան սպանել են: Դեպքից մի քանի օր անց Հարություն Ազատյանին սպանելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել նախկինում դատապարտված 35-ամյա Վադիմ Օ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք: Նրա տնից հայտնաբերվել են դեպքի օրը հագին եղած շորերը, որոնք արյունոտ են եղել:

Նա պատմել է, որ Ազատյանի տաքսիով գնացել են իր եղբոր գերեզմանին: Գերեզմանոցում վիճել են, եւ ինքը ինչ-որ առարկայով հարվածել է Ազատյանի գլխին: Կասկածյալը ավտոմեքենայով անցել է Ազատյանի մարմնի վրայով՝ համոզվելու համար, որ նա մահացել է: Հետո դիակը բերել գցել է Հրազդան գետը: