Երեւանի Մարգարյան փողոցում մայիսի լույս 8-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

36-ամյա Արթուրին կտրած-ծակած վերքերով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Նա վնասվածքներ է ստացել որովայնին, աջ ոտքին եւ աջ ձեռքին:

Դեպքից ժամեր անց իրավապահները պարզել են կասկածյալին եւ բերման ենթարկել 58-ամյա Մարկոս Գ.-ին:

Նախնական տվյալներով Մարկոս Գ.-ն որդու եւ 13-ամյա թոռնուհու հետ  եկել է սուպերմարկետ դեղ գնելու: Վերադարձին որդու տաքսու հետեւում կանգնած է եղել սպիտակ «Տոյոտա Պրադո», եւ որդին ձայնային ազդանշան է տվել:

«Էդ մոմենտին մի երիտասարդ իջավ ու թե՝ բա խի՞ պտի ազդանշան տաս, մեր տարածքն ա, ոնց կուզենք կկանգնենք»: Ես որպես մեծահասակ, իջա խնդրեցի, ասացի՝ հորդ տարիքի մարդ եմ, անհարմար ա, դեղ եմ հասցնում, հիվանդը սպասում է ինձ, ճանապարհ տուր: Եկանք նստեցինք, մեկ էլ էսի եկավ,  որդուս քաշեց, հանեց, սկսեց խփել: Էդ մոմենտին դանակ ընկավ ձեռս: Եկավ, որ ինձ խփեր, թե ոնց եղավ որովայնի մասը ծակել եմ»,-պատմել է Մարկոս Գ.-ն:

Հայր ու որդի նորից մեքենա են նստել, իսկ «Տոյոտա»-ի վարորդը սկսել է եղած մետաղյա արգելափակոցներով հարվածել մեքենային եւ նրա ուղեւորներին: