Արդյոք Հայաստանում կանցկացվի՞ մանկական «Եվրատեսիլ 2011-ը», դա հայտնի կդառնա մինեւ դեկտեմբերի 31-ը: Նոյեմբերի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը: Նա նշեց, որ մրցույթն անցկացնելու համար Հայաստանը մինչեւ դեկտեմբերի 31-ը պետք է հայտ ներկայացնի Եվրոպական հեռարձակողների միություն, որն էլ տենդերի միջոցով կորոշի Եվրատեսիլ-2011-ի անցկացման վայրը:

«Ուղղակի պետք է խորհրդակցել ղեկավարության հետ, արդյոք, մենք պատրա՞ստ ենք տենդերին մասնակցելու: Մինչեւ դեկտեմբերի 31-ը մենք ժամանակ ունենք ինչ-որ հաշվարկներ անելու, մանրամասն քննարկելու: Եթե արդյունքը գոհացուցիչ լինի, թե՛ մեր եւ թե՛ եվրոպական հեռարձակողների միության համար, մինչեւ 31-ը հայտը կուղարկենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը նոյեմբերի 20-ին Մինսկում տեղի ունեցած միջազգային մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում դարձավ հաղթող: Նա կատարել է «Մայրիկ» երգը:

Մրցույթին մասնակցում էին 14 երկրների, այդ թվում Հայաստանի, Բելառուսի, Բելգիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մալթայի եւ այլ երկների 10-15 տարեկան երգիչներ:

Նշենք, որ ի տարբերություն մեծահասակների մրցույթի, մանկական «Եվրատեսիլը» պարտադիր չէ, որ անցկացվի հաղթող մասնակցի երկրում: