Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ելք»-ին տալով՝ Հայաստանի Հանրապետությունն այդ ոլորտում կունենա լուրջ առաջընթաց: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին հարցին:

«Ես ուզում եմ հասկանալ՝ նախագահը ձերն է, ԱԺ նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ինչ է անելու «Ելքը», եթե Մարդու իրավունքների հանձնաժողովն իրենը լինի, ի՞նչ պրոբլեմ կա: Իմ կարծիքով, ոչ մի խնդիր չկա, ու պետք չի վեց ամիս հետո թողնելու, ասելու՝ հիմա արդեն որոշել ենք, ձեզ լավ պահեք, տղերք, վեց ամիս հետո ձեզ կտանք: Խնդիրը մեզ տալունը չի, մեր լինելունը չէ: Սա նոր խորհրդարան է, որ ախպոր պես պիտի աշխատենք այ Հանրապետական ախպերներ ջան: Ձեր նախագահն էլ է ասում, որ փոքրամասնության կարծիքն էլ պետք է լսել, միշտ չէ, որ մենք ճիշտ ենք, ձեր նախագահն էլ էր դա ասում: Բայց չեք անում: Դոմփելով գնում եք, ձեր վարչապետի ասած, հետո ըսենց դոմփելով ինչքա՞ն եք գնալու, ի՞նչ է տալու ձեզ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով, ՀՀԿ-ն ամեն կերպ ապացուցում է, որ մեծամասնությունը խորհրդարանում իրենք են, հետեւաբար լինելու է այնպես, ինչպես իրենք են ուզում եւ որոշում:

«Եթե ուզում եք շենք կառուցել, առավել եւս որ էս շենքի հիմքերը 10 հազար դրամով են լցվել, անկյունաքարը ճիշտ դրեք, թե չէ խնդիրները շատ են լինելու»,- խոսքը եզրափակեց Արամ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ն առաջարկում է կրճատել մշտական հանձնաժողովների թիվը 3-ով: Մինչդեռ «Ելք»-ն առաջարկում է պահպանել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ոչ թե միացնել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Եթե հանձնաժողովների թիվը լինում է 9, նշանակում է՝ «Ելքը» հանձնաժողով չի ղեկավարելու: