Հանրապետական կուսակցությանն անհրաժեշտ է՝ ինչքան հնարավոր է մեծ դաշտ ունենալ մարդու իրավունքների ոտնահարումն անարգել շարունակելու համար եւ նրանք ոչ մի թիզ չեն զիջի թշնամուն: Այսօր՝ մայիսի 19-ին, մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» խմբակցությունն առաջարկում է հանձնաժողովների թիվը հասցնել 10-ի՝ պահպանելով Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ դրա ղեկավարումը վստահել իրենց: Նշենք, որ եթե հանձնաժողովների թիվը լինի 10, հանձնաժողով կհասնի նաեւ «Ելք»-ին:

«Այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ ներկայացուցչի նշանակումը զուրկ է իմաստից: Ենթադրենք՝ կա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ նախագահը Գեւորգ Կոտսանյանն է կամ Հրայր Թովմասյանն է, ի՞նչ տարբերություն՝ այդ հանձնաժողովը կլինի, թե ոչ: Մարդիկ եղել են գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, եթե մարդու իրավունք պաշտպանող լինեին, էն ժամանակ կպաշտպանեին: Նրանք մարդու իրավունքները ոտնահարող թիմի ներկայացուցիչներ են եւ ոչ թե իրենց անձնական ճաշակի, այլ իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչ լինելու բերումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին պետք է լինի սկզբունքային ընդդիմության ներկայացուցիչ, միայն այդ դեպքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում է հնարավոր է հաջողությունների մասին:

«ՀՀԿ-ին պարզապես անհրաժեշտ է՝ ինչքան հնարավոր է մեծ դաշտ ունենալ մարդու իրավունքների ոտնահարումն անարգել շարունակելու համար եւ նրանք ոչ մի թիզ չեն զիջի թշնամուն»,- եզրափակեց նա:

Նշենք, որ ՀՀԿ-ն առաջարկում է այդ հանձնաժողովը միացնել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: