Այսօր` նոյեմբերի 23-ին կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության եւ «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագիրն ստորագրել է ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության անունից` «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի եւ վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել է նաեւ վարկային համաձայնագիր ՀՀ կառավարության եւ «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջեւ։ Համաձայնագիրն ստորագրել է ՀՀ կառավարության անունից` Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի անունից` «Քեյ Բի Սի Են Վի» բանկի առեւտրային վարկավորման հարցերով ավագ ղեկավար Գիրթ Ութերսը։ Վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 5080629.52 եվրո արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար։
Փաստաթղթերի ստորագրմամբ մեկնարկելու է ՀՀ առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրի` Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը։ Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երեւանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից եւ ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն։
Ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պարզաբանումներ է տվել վարկային համաձայնագրի պայմանների վերաբերյալ եւ, մասնավորապես, նշել. «Վարկը տրվել է 11 տարի ժամկետով, երեք տարին` արտոնյալ ժամանակով` 0 տոկոս տոկոսադրույքով: Տասնութ ամսից կամ մոտ երկու տարուց ուռուցաքաբանության գերազանցության կենտրոնը կկարողանա սպասարկել»:





























