Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին անհիմն է համարել իշխանությունների այն հայտարարությունները, թե Լիսաբոնում Թուրքիան դիվանագիտական հաղթանակ է տարել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ազգայնական կուսակցապետը խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ շեշտելով, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդունված որոշումները շատ հեռու են Թուրքիայի համար նպաստավոր լինելուց։
Բահչելին զավեշտ է համարել իշխանությունների այն պնդումները, թե հակահրթիռային պաշտպանության կայանքներն ուղղված չեն Իրանի դեմ։ «Եթե Իրանը չէ վտանգի աղբյուրը, ո՞վ է։ Սենեգա՞լն է, Կուբա՞ն է, թե՞ Ռուսաստանը»,-հարցրել է ազգայնական գործիչը։
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիայի հաջողությունը փաստող ոչ մի զարգացում չի եղել, ոչ էլ Թուրքիան կարողացել է դիվանագիտական հաղթանակ տանել»,-նշել է Բահչելին՝ ընդծելով, թե թուրքական իշխանություններին ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետ են ուղարկել ընդամենը քաղցր խոսքեր ասելով։





























