Ադրբեջանական կողմը շարունակում է միջազգային հանրությանն ապատեղեկացնելու փորձերը։ Այս մասին ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովայի հայտարարությունը։
«Նմանատիպ հայտարարությունները պետք է արվեն փաստերի հիման վրա։ Այդ հայտարարությունը, մեղմ ասած, խիստ կասկածներ է հարուցում գերության մեջ գտնվող 27 երեխաների մասին տեղեկատվություն տրամադրած աղբյուրի վերաբերյալ։
Ադրբեջանական կողմը նախկինում էլ միջազգային հանրությանն ապատեղեկացնելու փորձեր է ձեռնարկել։ Բացի այն, որ այդ տեղեկությունը սուտ է, ինչպես նախկինում ընդգծվեց պետական մակարդակով, կարծում եմ, որ հարեւան հանրապետության կողմից պարբերաբար ձեռնարկվող քայլերը հակամարտության էությունից հեռու անձանց մոլորության մեջ գցելու հիստերիկ փորձեր են, որոնք պատկերացում անգամ չունեն անհետ կորածների շուրջ ծավալված իրադրության մասին։
Իմ կողմից կրկնում են՝ հայերը, ի տարբերություն հակառակորդի, երբեք երեխաներին գերության մեջ չեն պահել։
Բացի այդ, օգտվելով առիթից, տիկին Հուսեյնովային առաջարկում եմ անտեղյակների զգացմունքների հետ խաղալու փորձերի փոխարեն առկա «փաստերի» մասին տեղեկությունը համակողմանի ուսումնասիորւթյան համար փոխանցել միջազգային իրավասու մարմիններին, եթե այդպիսի փաստեր առհասարակ գոյություն ունեն»,- նշել է Արմեն Կապրիելյանը։





























