Երեւանում, այսօր՝ հունիսի 1-ին, Շառլ Ազնավուրին պաշտոնապես հանձնվեց նրա կեցավայրի բանալին, որը հետայսու պատկանելու է «Ազնավուր» հիմնադրամին եւ դառնալու է մաեստրոյի տուն-թանգարանը։
Արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարկիսյանը նշեց, որ շանսոնյեի տուն-թանգարանը տարբերվելու է իր տեսակով. «Այն չի լինելու դասական թանգարան, ինչպես պատկերացնում են շատերը։ Այն դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են»,-նշեց՝ հավելելով, որ թանգարանում պահվելու են նաեւ Ազնավուրի սիրելի իրերը՝ օրինակ, դաշնամուրը։ Բացի այդ, թանգարանի այցելուները կկարողանան ունկնդրել շանսոնյեի համերգը՝ 3D ձեւաչափով։
Քրիստինա Սարկիսյանը հավելեց, որ տուն-թանգարանի ներսում նաեւ ձայնագրման ստուդիա է լինելու, որտեղ այցելուները կարող են կատարել Շառլ Ազնավուրի երգերը, տեսնել, թե ինչպես է այդ գործընթացն իրականանում։
Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացումը նախատեսվում է 2018 թականին։ Բայց հստակ ժամկետներ չկան, քանի որ, ինչպես նշեց Քրիստինա Սարկիսյանը, համապատասխան տեխնիկան բերվելու է Ճապոնիայից եւ Գերմանիայից։
Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերին: 2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին նոր լիցք տալ մաեստրոյի բարեգործական գործունեությանը։ Արդյունքում ստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը:
Նշենք, որ Երեւանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ։
Հինգհարկանի շենքը գտնվում է Երեւանում՝ Կասկադի հարեւանությամբ։ Այն ներառում է թանգարան, բացօթյա համերգասրահ՝ նախատեսված 120-150 հանդիսատեսի համար, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի կեցավայրը։ Շենքի շինարարությունը մեկնարկել էր 2007 թվականին ու ավարտվել 2009-ին։ 2017 թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան լինելու գործին։











