Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը զինվորի վիրավորում ստանալու ցանկացած դեպքի մասին առաջին հերթին տեղեկացնում է նրա ծնողներին. ՊԲ-ն րոպեների ընթացքում տեղեկացնում է նաեւ կորուստների մասին: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հաղորդում է «Արմենպրեսը»:
«Լինում են դեպքեր, երբ զինվորի ծնողը գտնվում է արտերկրում և նպատակահարմար չէ, որպեսզի նա իր երեխայի մահվան մասին իմանա լրատվական կայքերից: Ադրբեջանական կողմը ունենում է կորուստներ, սակայն դրա մասին ոչ մեկ չի հրապարակում: Նրանց մոտ այդպիսի լրատվական քաղաքականություն է որդեգրված: Մենք փորձում ենք նրանց հասարակությանը տեղեկացնել, որ իրենց պաշտպանական կառույցը թաքցնում է կորուստների մասին, սակայն ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք նույնպես թաքցնում ենք մեր կորուստների մասին»,-ասել է Մնացականյանը՝ վստահեցնելով, որ հայկական բանակում ընդհանրապես նման դեպք չի տեսել:
Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին, եւ Արցախի խնդրի լումանը, Լեւոն Մնացականյանն ասել է. «Մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Ամեն ինչ մոտիվացված է և հաղթանակը մերն է լինելու: Ադրբեջանը գնալով փորձելու է իրավիճակը լարել, որպեսզի վնասներ հասցնի մեզ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ անհրաժեշտության դեպքում վերջնական հարված տանք»:
Նա հայտնել է, որ նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել. «Իհարկե, մենք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս: Այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնային գիծը»:





























