Արցախում պատերազմի վերսկսումը կործանարար կլինի բոլոր կողմերի համար։ Այս մասին «Մեդիակենտրոն»-ում քննարկման ընթացքում հայտարարեց միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի համահեղինակ Օլեսյա Վարդանյանը։

Մեկնաբանելով ՄՃԽ-ի վերջին զեկույցը՝ նա նշեց, որ ՄՃԽ-ն շեշտադրում է դաշտային ուսումնասիրությունները։ Զեկույցը նախապատրաստվել է շուրջ 10 ամսվա ընթացքում, այդ ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատել։ «Ավելի քան 150 հարցազրույց ենք անցկացրել։ Դա շատ է նույնիսկ ՄՃԽ-ի համար։ Շփվել ենք ոչ միայն պետական հատվածի, այլեւ քաղաքացիական հասարակության ու քաղաքական հատվածի, զինծառայողների, սահմանամերձ գոտիների բնակիչների հետ»,- նշեց Օլեսյա Վարդանյանը։

ՄՃԽ ներկայացուցիչը երեք հիմնական կետ առանձնացրեց, որոնց վրա ուշադրություն է դարձվել զեկույցը նախապատրաստելիս։ Առաջին հերթին, աշնանն Արցախ առաջին այցելության ժամանակ նրա համար ակնհայտ է դարձել, որ ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ ոքի եւ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ, որը մշտապես հայտարարում է այդ մասին։

«Տեսա ձեւավորված հասարակություն, որը սովոր է խաղաղ ապրել։ Մենք երբեմն թերագնահատում ենք ապրիլյան լարվածության նշանակությունը։ Պատերազմից հետո մեծացած սերնդի համար դա ցնցում էր, եւ այն մարդկանց ստիպեց պատրաստվել պատերազմի։ Մեկ տարվա ընթացքում շփման գծի երկայնքով աշխատանքներ են տարվել»,- նշեց Վարդանյանը։ Երկրորդ, ըստ նրա, լայնածավալ պատերազմ ոչ ոքի պետք չէ, կողմերի իշխանությունները հասկանում են, որ այն կործանարար է եւ մեծ թվով զոհերի կհանգեցնի։ Երրորդ, չնայած պատերազմից ցանկանում են խուսափել, երկու կողմերի շփման գծում բացակայում են մեխանիզմները, որոնք կարող էին կանխել միջադեպերն ու լարվածությունը ցածր եւ միջին մակարդակներում։ «Պատահական չէ, որ Հայաստանի նախագահն ապրիլյան պատերազմից հետո առաջինը համանախագահներին հայտարարեց հետաքննության եւ մոնիթորինգի մեխանիզմներ ստեղծելու մասին»,- նշեց Վարդանյանը։  

Նրա խոսքով՝ իրադրությունը, որը կարող է սրվել, պատճառները, որոնք հանգեցրեցին ապրիլյան պատերազմին, չեն վերացվել։ «Ամենամեծ վտանգը կողմերի միջեւ շփումների բացակայությունն է, եւ ոչ միայն նախագահների, այլեւ դաշտային հրամանատարների։ Դա նման է միմյանց դեմ ուղղված եւ մատները հրահանին դրված երկու պարպված ատրճանակի։ Սպասում ենք՝ ով աչքը կթարթի։ Միջազգային հանրության համար կարեւոր է ցույց տալ, թե որքան կարեւոր է իրավիճակը, որպեսզի նրանք միանան գործընթացին եւ կարողանան ազդել դրա վրա»,- նշեց ՄՃԽ ներկայացուցիչը։