Ի հեճուկս այն ամենի, ինչ հրապարակվում է հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցներում, ապրիլյան պատերազմը ցույց տվեց ուժերի հավասարակշռությունը։ Դրանից հետո ուժերի դասավորվածությունն աճեց հօգուտ Հայաստանի, եւ լայնածավալ մարտական գործողություններ ես չեմ կարող պատկերացնել։ «Մեդիակենտրոն»-ում քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը։

«Եթե խոսենք իրական քաղաքական հեռանկարի մասին, ուժերի ներկա դասավորության պարագայում մեկ-երկու տարի պատերազմ չի լինի եւ, համապատասխանաբար, արտաքին կողմերի միջամտություն՝ եւս»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ կողմերին բռնությունից ու լարվածությունից զսպելու գործընթացին մշտապես միջամտություն է տեղի ունենում։ «Ես դա ոչ թե միջնորդություն, այլ ճնշում կանվանեի, ուժեղ արդյունքների այն չի հանգեցնում, քանի որ քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ ուրիշները չկան կամ չեն գործածվում։ Այդ պատճառով իրադրությունը կմնա մոտավորապես այնպիսին, ինչպիսին կա, եթե Ադրբեջանում ֆորս-մաժորային իրադարձություններ տեղի չունենան։ Հավանական է, որ պատերազմի դեպքում, իհարկե, գերտերությունները կմիջամտեն։ Պատերազմը մի քանի օր կտեւի։ Եվ պատերազմը կդադարեցվի անմիջական ճնշմամբ»,- ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը։