Թուրքիան միայն հանուն Ադրբեջանի չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը: «Մեդիակենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Մեկնաբանելով պատերազմի վերսկսման դեպքում հակամարտությունում երրորդ ուժերի միջամտության հնարավորության մասին հարցին՝ Սաֆարյանը հիշեցրեց, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ոչ մի կրակոց չարձակեց Հայաստանի հետ սահմանին. «Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հրաշալի հասկանում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետեւանքները»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հնարավոր միջամտությանը. Սաֆարյանը նկատեց, որ Ղարաբաղը Մերձավոր Արեւելք չէ եւ Թուրքիայի համար նույնպիսի նշանակություն չունի, ինչպես Սիրիան:

«Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, բայց չեմ կարծում, որ հանուն նրա, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին, Անկարան սպառնալիքի տակ կդնի իր ռազմավարական շահերն ու կներգրավվի հակամարտությունում»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: