Առանց Իրանի մասնակցության անհնար է Մերձավոր արեւելքում որեւէ կարեւոր հարց լուծել։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետՎարդան Ոսկանյանը։

NEWS. am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ու պատասխանելով ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչների մասին հարցին՝ Ոսկանյանը առաջին հերթին նշել է, որ չնայած ԻՊ-ն է ստանձնել պատասխանատվություն ու ահաբեկչությունը կազմակերպված է եղել այդ ահաբեկչական կազմակերպության ոճով, այդուհանդերձ, այս առթիվ Իրանը պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:

Փորձագետի գնահատականով, Իրանի իշխանությունները բավականին հստակ են արձագանքել իրավիճակին՝ ոչնչացվել են բոլոր ահաբեկիչները, ընդ որում մեկը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը ու պայթեցնել պայթուցիկ սարքը։

Ինչ վերաբերում է Իրանում ահաբեկչությունների կազմակերպիչների նպատակներին, ապա դրանք համապատասխանում են Մերձավոր արեւելքում կատարվող գործընթացների «տրամաբանությանը», որոնք իրականացնում է հակաիրանական դաշինքը՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ։ Այդ գործընթացների մի մասն են դարձել պատժամիջոցները Կատարի նկատմամբ, որը չէր ցանկացել միանալ նրանց։ Հավանաբար կազմակերպիչները ակնկալում են կտրուկ քայլեր Իրանի կողմից։ «Սակայն Իրանը միշտ հանդես է գալիս հավասարակշռված դիրքից, ու կարծում եմ՝ այս անգամ էլ նրա գործողությունները մտածված ու հեռատեսական կլինեն։ Առանց Իրանի մասնակցության անհնար է տարածաշրջանում որեւէ լուրջ հարցի լուծում՝ այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը։ Կարծում եմ այդ իրադարձություններից հետո Իրանը ավելի ակտիվ կներառվի այդ պայքարում, ինչը սպառնում է լուրջ հետեւանքներով ահաբեկիչների ու նրանց հովանավորների համար»,- նշել է փորձագետը։