Իրանի ժողովուրդը նորից կապացուցի, որ ի վիճակի է խափանել իր թշնամիների ծրագրերն իր միասնականությամբ ու անվտանգության ուժեղ համակարգով։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում։
Նրա խոսքով, վարձկան ահաբեկիչների վախկոտ հարձակումները Իրանի ժողովրդի համար չեն դարձել աննախադեպ իրադարձություններ, քանի որ իրանցիները դիմացել են «պարտադրված պատերազմի երկարամյա դաժան ահաբեկչությանը»։ Նա նշել է, որ Իրանի թշնամիներն ի վիճակի չեն դիմանալ «Իրանի ժողովրդի ու կառավարության մեծությանն ու միասնականությանը», ինչի կապակցությամբ վարձում ու հովանավորում են «ռեակցիոն ահաբեկիչների», որպեսզի «քողարկեն տարածաշրջանում իրենց պարտությունը»։
Ռոհանին շեշտել է, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ուժեղացնում են Իրանի վճռականությունը՝ պայքարել տարածաշրջանային ահաբեկչության, ծայրահեղականության ու բռնության դեմ։ «Ահաբեկչությունը ընդհանուր խնդիր է ու ժամանակակից համաշխարհային համայնքի ամենակարեւոր պահանջն է տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունը՝ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում»,- ասել է նա։





























