Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում կլինեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այցը կիրականացվի ըստ նախկինում ձեռք բերված համաձայնության, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական էջում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցի ընթացքում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

«Նրանք մտադիր են պարզել հակամարտության գոտում իրավիճակը: Նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները: Նախատեսվում է նաեւ այցելություն Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանը կներկայացնի հատուկ հանձնարարություններով դեսպան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ի. Պոպովը»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ հետո «եռյակը» կմեկնի Բաքու: