Հուլիսի կեսերին Էջմիածնում Հայ առաքելական եկեղեցու «Գարեգին I» կրթական կենտրոնում կբացվի արեւային ջրատաքացուցիչների համալիրը՝ սեփական կարիքների համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝  DigiTec Business IT ֆորումում։

Սարքավորումը ձեռք կբերվի եւ կտեղադրվի մասնավոր բարեգործի միջոցներով։ Դրա համար նաեւ էներգետիկ աուդիտ է կազմվել։

«Մենք մշտապես կապի մեջ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Աշխատանքների հետ ծանոթացել է նաեւ նախարարը։ Նրանք էներգիայի սպառման շատ մեծ պահանջ ունեն, այդ պատճառով սարքավորումը նրանց շատ կօգնի։ Ամենայն հավանականությամբ, այն կբացեն հուլիսի առաջին կեսին», - հայտարարեց Հարությունյանը։

Մի փոքր ավելի ուշ այնտեղ կբացվի նաեւ մեկ այլ արեւային, ավելի կոնկրետ՝ էլեկտրական պանելների համալիր։ Այն կտեղադրվի Սուրբ Գայանե եկեղեցու մերձակայքում։