Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Եվրամիության դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը այսօր՝ նոյեմբերի 26-ին Երեւանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանում պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի վերաբերյալ։ Այդ ծրագրով ԵՄ-ն Հայաստանին անհատույց կտրամադրի 32 մլն եվրո։

Հուշագրով ԵՄ-ն Հայաստանին կօգնի ազատականացնել մարդկանց, ապրանքների եւ կապիտալի շարժը։ Ըստ Ն. Երիցյանի՝ հատուկ ուշադրություն կդարձվի այնպիսի ոլորտների, ինչպես՝ ֆիտոսանիտարիան (գյուղատնտեսական ապրանքների շարժը հեշտացնելու նպատակով), մտավոր սեփականությունը, սահմանային ծառայությունները։ Յուրաքանչյուր պետական կառույցի մասով կկազմվի առանձին ծրագիր, որը ԵՄ-ի կողմից հավանություն արժանանալուց հետո կֆինանսավորվի։

Սույն հուշագիրը նախապատրաստական փուլ է՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման, ինչպես նաեւ՝ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման ճանապարհին։

Դեսպան դե Լուցենբերգերը լրագրողներին ասաց, որ Բալթյան երկրները նույնպես անցել են այս ճանապարհը, սկիզբը եղել է դանդաղ եւ բարդ, սակայն այդ երկրները կարողացել են վերջնական արդյունքի հասնել։ «Մենք առաջարկում ենք, բայց դուք պետք է որոշեք՝ ցանկանո՞ւմ եք փոխել հասարակությունը եւ տնտեսական կացութաձեւը»,- ասաց դե Լուցենբերգերը։