Այսօր` նոյեմբերի 26-ին Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը հեռացվել է աշխատանքից:

Ինչպես հայտնում է  «Էկոլուրը», նրա փոխարեն նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Էդգար Փիրումյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում:

NEWS.am-ի հարցմանը բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանն ասաց, որ «Էկոլուրի» տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Սամվել Ամիրխանյանը ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ ազատվել է՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ։ Ըստ Քաղծառայության մասին օրենքի՝ նախարարության աշխատակազմի ղեկավարը նշանակվում է 4 տարի ժամկետով, որից հետո վարչապետը որոշում է ընդունում երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը, թե` ոչ։ Ըստ Հ. Մկրտչյանի՝ Սամվել Ամիրխանյանը 8 տարի ղեկավարել է բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատանքը։