Ազգային ժողովի «Ելք» խմբակցության հետ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հանդիպել, փոխարենը կառավարությունից խմբակցությանն առաջարկել են ծրագիրը քննարկել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է խմբակցության քարտուղար,պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Նշենք, որ վարչապետն այսօր ծրագիրը ներկայացրել է «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցություններին, իսկ ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչներին է ներկայացրել այն։ Մինչդեռ «Ելք»–ին կառավարությունից առաջարկել են փոխվարչապետի հետ քննարկել ծրագիրը, ինչը մերժել է «Ելք» խմբակցությունը եւ ծրագրի վերաբերյալ հարցերը վաղը կհնչեցնի Ազգային ժողովի դահլիճում։ Վաղվանից Աժ–ում արտահերթ նիստով մեկնարկելու է կառավարության ծրագրի քննարկումը։

Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ այն դեկլարատիվ բնույթի ծրագիր է, խնդիրները նկարագրված են, սակայն դրանք իրականացնելու հստակ քայլեր նշված չեն։

«Դեկլարատիվ բնույթ կրող ծրագիր է, նախնական հայտարարություններից, թե շատ խոստումնալից, մարտահրավերներ նետող ծրագիր պիտի լիներ, բացարձակ նշույլներ չկան։ Նախկինում խոսք էր գնում նոր ատոմակայան կառուցելու, Հայաստան– Իրան երկաթուղու մասին, նույնիսկ այլընտրանքային էներգիայի հետ կապված որեւէ կետ չկա։ Ուղղակի թվեր են՝ աղքատությունը նվազեցնել 12 տոկոսով, գործազրկությունը նվազեցնել, զբոսաշրջությունը զարգացնել, մի խոսքով կան խոստումներ, սակայն չկա գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս։ Կան խոստումներ, բայց հստակ քայլեր, ճանապարհային քարտեզ չկան»,–ասել է Գորգիսյանը։

Նա նշել է, որ կողմ չեն քվեարկի ծրագրին, թե կոնկրետ ինչ դիրքորոշում կհայտնի խմբակցությունը՝ դեմ կլինի, թե ձեռնպահ, կախված է կառավարության հետ հարց ու պատասխանից։