Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 27-ին այցելել է «Սարանիստ» ՍՊԸ-ին պատկանող շշերի արտադրության գործարան։
Շշերի արտադրության գործընթացն այս գործարանում սկսվում է հումքի պատրաստումից մինչեւ պատրաստի արտադրանքի պատշաճ փաթեթավորումն ու առաքման կազմակերպումը։ Հումքի մի մասը ներկրվում է Ուկրաինայից, Իրանից եւ Չինաստանից։
Գործարանը վերանորոգվել է 2010 թվականին, կառուցվել է նոր արտադրամաս՝ այս կերպ ավելացնելով գործարանի արտադրողականությունը։ Այսուհետ գործարանը կարող է արտադրել տարեկան 15 մլն միավոր շիշ։ Միաժամանակ, 2010-ի հոկտեմբերին շահագործման է հանձնվել նաեւ պոլիէթիլենային թաղանթների արտադրության արտադրամասը։ Գործարանի վերանորոգման եւ վերազինման աշխատանքները ֆինանսավորվել են «Սարանիստ» ՍՊԸ-ի եւ Վերակառուցման եւ զագացման եվրոպական բանկի կողմից՝ համապատասխանաբար 1 մլն եւ 3 մլն դոլարի չափերով։
Ընկերությունում ներկայումս աշխատում է 450 մարդ՝ 120 հազար դրամ միջին աշախատավարձով։ Նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին աշխատողների եւ աշխատավարձերի թվերը չեն նվազել։ Ընկերության կողմից արտադրվող տարաների 40 տոկոսն իրացվում է Վրաստանում, մնացած 60 տոկոսը՝ Հայաստանում։ Իրացման ծավալները 2009 թվականին կազմել են 4 մլրդ 45 մլն դրամ, ըստ որում հավասարապես ավելացել է ինչպես ներքին սպառումն, այնպես էլ արտահանման ծավալները։ Գործարանը նախատեսում է հետագայում ավելացնել իր հզորությունը։




























