Արցախում հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին:
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ դեռեւս ոչ մեկի թեկնածությունը չի քննարկվել:
«Մինչեւ 2020 թվականը՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Հարցին՝ արդյոք Բակո Սահակյանը ցանկություն ունի շարունակել պաշտոնավարել, Դավիթ Բաբայանը կրկին ընդգծեց, որ որեւէ թեկնածուի այս պահին չեն առաջադրել:
Նշենք, որ փետրվարի 20-ին Արցախում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որտեղ այդ փոփոխություններին կողմ է արտահայտվել ընտրողների 87 տոկոսը: Ըստ այդ փոփոխությունների կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվել նախագահական համակարգի։
Սահմանադրության անցումային դրույթներով Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:





























