Հուլիսի 6-ին հերթական նիստի ընթացքում Հայաստանի կառավարությունը հաստատեց 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Պետական միջնաժամկետ ծախսերի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Պետական միջնաժամկետ ծախսերի մշակումը առաջիկա երեք տարում կառավարությանը հնարավորություն կընձեռի կառավարել պետական հատվածի ֆինանսական ռեսուրսները՝ միջնաժամկետ հարկաբյուջետային եւ քաղաքականության առաջնահերթություններին համապատասխան։
Հայաստանի 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կդառնա 2018 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների համար, ինչպես նաեւ ավելի ըմբռնելի կդարձնի հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները եւ Կառավարության ծախսերի քաղաքական ռազմավարությունը առաջիկա երեք տարում՝ ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հասարակության համար։
2018 թվականի հետ համեմատ՝ 2019 թվականին բյուջե մուտքի 8,7 տոկոսով ավելացում է նախատեսվում, իսկ 2020 թվականին՝ 9 տոկոսով՝ 2019 թվականի հետ համեմատելիս։
Նախատեսվում է, որ 2017 թվականին, ինչպես միջնաժամկետի պարագայում, ներդրումների աճի տենդենցները կարագանան։ Դա հիմնականում պայմանավորված կլինի պետական հատվածում ներդրումների բարձր աճով, ինչը, ներդրումային միջավայրը խթանող քաղաքականության հետ միասին, նաեւ կհանգեցնի մասնավոր հատվածում ներդրումների աճի։ Նախատեսվում է, որ 2017 թվականին կապիտալ ներդրումները կաճեն 5,6 տոկոսով։ Պետական ներդրումների 7,8 տոկոս աճի եւ ներդրումային աճի ֆոնին մասնավոր ներդրումների 5 տոկոս աճ է նախատեսվում։ Նախատեսվում է նաեւ, որ միջնաժամկետ ներդրումների աճի տենդենցերը կարագանան՝ միջինում կազմելով 10,8 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված կլինի պետական հատվածում 25, 5 տոկոս ներդրումների աճով։
«Մենք սեփական եկամուտների բավական հավակնոտ աճ ենք կանխատեսում։ Մենք նախատեսում ենք ծախսերի շատ կոշտ, կայուն կառավարում։ Դեֆիցիտի հետ կապված մեր կայուն արտաքին պարտքի առումով մենք բավական բարդ ցուցանիշներ ենք դնում՝ հարկ-ՀՆԱ հարաբերակցության տեսանկյունից։ Բոլորից առավելագույնս համակարգված աշխատանք է պահանջվում»,- ընդգծեց վարչապետ Կարեն Կարապետյանը։




























