Կստեղծվի հայ-իրանական համատեղ կոմիտե: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 7-ին, Երեւանում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի հանդիպման ժամանակ:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարությանպատվիրակությանը՝ Հայաստան այցելելու համար: Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ստորագրված հուշագիրը երկարատեւ աշխատանքի արդյունք է, որն ընդգրկում է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտները: «Նման ներկայացուցչական եւ ընդգրկուն պատվիրակության այցը իսկապես կնպաստի երկու երկրների կրթության եւ գիտության ոլորտների համագործակցության զարգացմանը: Տպավորիչ է այն արդյունքերը, որ Իրանը ունի հատկապես գիտության բնագավառում. մի շարք արդիական ուղղություններով այն համաշխարհային առաջատարների խմբում է՝ հատկապես նանոտեխնոլոգիաների, կենսաքիմիայի եւ կենսաբանության: Հուշագրի ստորագրումից հետո կձեւավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի հետագա գործողությունների քարտեզը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի եւ 15 ուսանողի կրթաթոշակ՝ բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու եւ սովորելու համար: Մեր դռները եւ հնավորությունները նույնպես բաց են, եւ մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերը»,-նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին իր հերթին նշել է, որ ուրախ է` իր հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում գտնվելու համար: «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաեւ առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջեւ համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջեւ: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների եւ հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաեւ փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաեւ գիտատեխնոպարկերը»,-ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին։
Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների եւ հետազոտական հաստատությունների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջեւ կապերը: Մասնավորապես, կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետեւյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ եւ ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ եւ նորարարություն, իրանագիտություն եւ հայագիտություն (լեզու եւ մշակույթ) եւ այլ ոլորտներ:
Կողմերը կխրախուսեն հետազոտական հաստատությունների միջեւ համագործակցությունը՝ փոխանակելով կրթական համակարգերի եւ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, կնպաստեն ակադեմիական եւ ղեկավար կազմի, դասախոսների, ֆակուլտետների անդամների եւ փորձագետների փոխանակմանը, կփոխանակեն գիտատեխնոպարկերի եւ ինկուբատորների ստեղծման, կառավարման գիտելիքի եւ փորձի վերաբերյալ տեղեկատվությունը, կաջակցեն երկու երկրներում գիտատեխնոպարկերում գիտելիքահեն կազմակերպությունների ստեղծմանը, փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմին եւ այլն: Կողմերը կստեղծեն գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ կամ մյուս կողմի հայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում:





























