Աստանայի հայտարարությունը ԼՂ բանակցային գործընթացի հերթական՝ տրամաբանական քայլն էր, որով ընդգծվեց, որ ԼՂ խնդիրն այլընտրանք չունի, քան խաղաղ կարգավորումը:  Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ հավելելով. «Հայտարարության մեջ նշված բոլոր սկզբունքներն ու փաստաթղթերը մեկ ամբողջականություն դիտարկելը ես շատ եմ կարեւորում: Կարգավորման այս կամ այն սկզբունքը այլ հարթություններ տեղափոխելը եւ որպես գերակա ներկայացնելը ո՜չ  բանակցային գործընթացի տրամաբանությունից էր բխում, ո՜չ էլ ԼՂ հակամարտության լուծմանը միտված քայլ էր»:

Պատգամավորը նշեց, որ կարեւոր է , որ հայտարարության մեջ ի թիվս այլ փաստաթղթերի,  հղում է արվում նաեւ  ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ հիշատակվում է ազգերի իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: «Սա բովանդակային առումով շատ կարեւոր լրացում է: Որովհետեւ այն ինչ մենք լսում էինք հարեւան հանրապետության ղեկավարության կողմից՝ առաջին դեմքի մակարդակով, ամենեւին չէր բխում բանակցությունների տամաբանությունից եւ անցած  տարիների քրտնաջան աշխատանքից, ինչը կատարել էին եւ համանախագահները, եւ ՀՀ նախորդ նախագահները»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե ԼՂ բանակցային հետագա գործըթացի վրա Աստանայի գագաթաժողովն ի՞նչ ազդեցություն կունենա, այն կարո՞ղ է դառնալ կարեւոր հանգրվան, որից հետո նոր զարգացումներ պետք է ակնկալել՝ Դավթյանն արձագանքեց. «Հեղափոխական զարգացումներ Աստանայից հետո դժվար է ակնկալել: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, մինչ այդ արված աշխատանքի հանրագումարն է: Այսինքն՝ միանշանակ է, որ միայն խաղաղ բանակցային գործընթացն է այն բանալին, որով տարածաշրջանում պետք է հասնել կայունության եւ գործընկերության»: Ըստ պատգամավորի՝ հետագա զարգացումները պետք է տեղի ունենան հենց այդ տրամաբանության համատեքստում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել: