Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի աստղագետները հնարավոր է հայտնաբերել են Արեւային համակարգի սահմաններից դուրս առաջին լուսինը,  սակայն չեն շտապել այդ տեղեկությունը հայտնել հասարակայնությանը։ The Nature-ը հայտնում է, որ իրենց հայտնագործության մասին գիտնականները հայտնել են միայն այն բանից հետո, երբ նրանց գործընկերներից մեկը այդ նորության մաիսն գրել է Twitter-ում։

Աստղագետ Դեւիդ Քիփինգի խոսքով, ի սկզբանե իր  ղեկավարած հետազոտողների խումբը ծրագրում էր Քեփլեր 1625b արբանյակի հայտնաբերման մասին հայտնել ստացված արդյունքների մանրակրկիտ ստուգումից հետո միայն։ Այդ նպատակով նրանք հերթագրվել են Հաբլ հեռադիտակը գործածելու համար, որպեսզի կարողանան հետեւել օբյեկտին այս տարվա հոկտեմբերին։

Այդ հերթագրման փաստը գրավել է նրանց գործընկեր աստղագետի ուշադրությունը։ Նա իր Twitter-ում գրել է, որ դրա համար միայն մեկ պատճառ կարող է լինել։

Դրանից հետո Քիփինգին սկսել են զանգահարել լրագրողները, որոնք ուզում էին ճշգրտել, իրո՞ք գիտնականներին հաջողվել է հայտնաբերել էկզոլուսին։ Դրանից հետո ամերիկացի հետազոտողները պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել։

Ըստ հաղորդագրության, աստղագետները փորձել են խուսափել կոնֆուզից։ «Գիտական հայտնագործությունների մասին հայտարարությունները, իսկ հետո դրանց հերքումները հանգեցնում են նրան, որ հասարակության վստահությունը գիտության հանդեպ նվազում է, ու մենք հիմնականում մտահոգված ենք նրանով, որ չխորացնենք այդ խնդիրը»,- պարզաբանել է խմբի աստղագետներից մեկը՝ Ալեքս Տիչին։

Դեւիդ Քիփինգը պարզաբանել է, որ ավելի վաղ իրեն ու իր գործընկերներին հաջողվել է հայտնաբերել պոտենցիալ էկզոլուսիններ, սակայն հետագայում պարզվել է, որ «բացահայտումը» ընդամենը գիտական սարքավորման աշխատանքի խանգարումների արդյունքն է։

Աստղագետները հայտնել են, որ էկզոլուսնի դիտարկումները այս տարվա հոկտեմբերին ավարտելուց հետո հետազոտությունների արդյունքների մասին առնվազն  կհայտնեն կես տարի հետո, երբ կստուգեն ստացված տվյալները։