Վայոց ձորի եւ Արարատի մարզերում վերջին օրերին տեղի ունեցած երկու խոշոր հրդեհների պատճառները պետք է հենց այս պահից պարզվեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

«Տեւական բարձր ջերմային ֆոնը, տեղումների բացակայությունը մեծ հավանականություն են ստեղծել հրդեհների բռնկման համար, սակայն, հենց այս պահից պիտի հասկանանք՝ արդյոք պատճառը միայն դա է, թե կան նաեւ այլ պատճառներ»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երկու խոշոր հրդեհ է բռնկվել Հանրապետությունում: Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհը կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում հաջողվել է մեկուսացնել: Հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա: Այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:

Օգոստոսի 12-ին ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել արդեն Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում: Օգոստոսի 15-ի, ժամը 12:00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու համար Ռուսաստանը հայկական կողմին է տրամադրել «ԻԼ-76» ինքնաթիռ, որն արդեն իսկ իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում: