Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ Առեւտրի ժամանակավոր ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա աշնանը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ՝ առեւտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:

«Մենք հնարավորություն ունենք այս տարվա հոկտեմբերին 5 երկրների նախագահներին զեկուցելու բանակցությունների ավարտի մասին եւ խնդրելու համաձայնագրի ստորագրման մանդատ: Եթե տառացիորեն առաջիկա օրերին մենք բանակցությունները չավարտենք, այլ պնդենք հետագա շարունակում եւ պայմանավորվածությունների որակի բարելավում, ապա այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, մենք կանցնենք բանակցությունների ավելի երկարատեւ փուլի»,- ասել է Նիկիշինան, փոխանցում է Infoshos.ru-ն:

Իրանի հետ ինտենսիվ բանակցությունները տեւել են 8 ամիս եւ արդեն գործնականում ավարտվել են: Վերոնիկա Նիկիշինայի խոսքով՝ բանակցությունների արդյունքը 3 մասից է կազմված: Առաջինը ներառում է համաձայնագրի տեքստը, հատկապես կանոնները, որոնք կորոշեն «խաղի ընթացքը»: Այս կետը չափազանց կարեւոր է, քանի որ Իրանը չի մտնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ:

Կողմերն առայժմ համաձայնություն են ձեռք բերել արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի հարցում: «Բանակցությունները գործնականում ավարտված են: Մնացել է միայն քննարկել առանձին ապրանքների հարցը, որոնց առումով կողմերը դեռեւս փոխպայմանավորվածությունների չեն հանգել»,- նշել է Վերոնիկա Նիկիշինան: