«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Հյուսթոնի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը պատմում է քաղաքում տիրող ներկայիս իրավիճակի եւ իրադարձությունների սպասվող ընթացքի մասին:

Հարվի ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ՝ ջրհեղեղի հետեւանքով արդեն իսկ 10 մարդ է զոհվել, Հյուսթոն քաղաքը սուզվել է մոտ 1 մետր ջրի տակ: Հյուսթոնում իրավիճակի եւ այնտեղ բնակվող մոտ 3000 հայերի կացության մասին հեռախոսազրույցում մեզ պատմեց Հյուսթոնի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը:

Կարո՞ղ եք ասել խնդրում եմ, այժմ որտեղ եք եւ ինչ վիճակում է գտնվում Հյուսթոն քաղաքը:

«Հիմա Հյուսթոնի վիճակը շատ վատ է, ժողովրդի մեծ մասը անօթեւան է մնացել աղետի պատճառով: Մեր տունն ամբողջովին ջրի մեջ է, տեղափոխվել ենք մեր ընկերոջ տուն արդեն երկու օր է: Կարծես բանտարկյալներ լինենք»:

Ի՞նք տեղեկություն են տեղական մարմինները ձեզ տրամադրել: Ե՞րբ կկարողանաք վերադառնալ տուն:

«Մեր ստացած վերջին տեղեկությունն այն է, որ եթե մեկ օրից անձրեւը դադարի, պետք է սպասենք եւս երկու օր մինչեւ ջուրը նվազի: Սակայն տարածքներ կան, որտեղ ջրի բարձրությունը շատ մեծ է եւ ցամաքելու համար օրեր կպահանջվեն»:

Իսկ եկեղեցին ներգրավվա՞ծ է մարդկանց օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:

«Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին եւ թիկունք կանգնել նրանց: Այս պահին մեր ծխական խորհրդի անդամների մեծ մասի վիճակը անելանելի է: Վստահ չենք, թե ինչպես ենք օգնելու մեր ժողովրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու հովիվը՝ Տեր Մարտիրոս Հակոբյանը աշխատում է հայ համայնքի անդամների հետ հեռախոսով կապ պահպանել: Փորձում ենք օգնել ինչքանով, որ կարող ենք, սակայն այս իրավիճակում շատ դժվար է այդ անելը»:

Տեղական իշխանությունները պատշաճ օգնություն ցուցաբերու՞մ են մարդկանց:

«Նրանք նավերով են օգնում ժողովրդին: Շատերը փակված են մնացել իրենց տներում եւ ջրի պատճառով չեն կարողանում դուրս գալ: Այդ առումով իշխանությունները օգնություն են տրամադրում եւ նրանց դուրս են բերում նույնիսկ ուղղաթիռներով»:

Արեգ Սահակյանը նաեւ պատրաստակամություն հայտնեց օգնել այն մարդկանց, ովքեր չեն կարողանում Հյուսթոնում բնակվող իրենց բարեկամների հետ կապ հաստատել: Ցանկացողները կարող են դիմել նրան հետեւյալ հեռախոսահամարով:

Թեքսասի բնակիչների համար այս ծանր իրավիճակում փորձում է օգտակար լինել նաեւ Սպիտակ տունը: Նախագահ Թրամփն ու Առաջին տիկինը երեքշաբթի օրը մեկնել են Թեքսաս նահանգ՝ անձամբ հետեւելու իրականացվող գործողություններին: