Արցախում այսօր առավոտյան ականի պայթյունից ժամկետային զինծառայող է զոհվել: 19-ամյա Հայկ Խաչատրյանը  Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքից էր, ծառայության էր մեկնել 8 ամիս առաջ: Նա տան ավագ որդին էր, եղբայրներից մեկն էլ առաջիկայում ծառայության է մեկնելու:

Սեպտեմբերի 1-ին բացվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայաստանի եւ Արցախի նախագահները։ 116 կմ երկարությամբ ճանապարհը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով։ Սա ռազմավարական նշանակության այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի և Արցախի միջև:

Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածության մասին իր կարծիքը կձեւավորի ապրիլին։ Այս մասին լրագրողներին ասել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։  Լրագրողների հարցը՝ ով է հավանական թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը, Բաբլոյանն անպատասխան է թողել:

 «Զինված խմբի» գործով դատական նիստում այսօր ուշագրավ ցուցմունքներ են հրապարակվել։ Գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը, պարզվում է, իր նախաձեռնությամբ նախաքննական մարմնին է ներկայացրել այն ձայնագրությունները, որոնցում Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի, Արթուր Վարդանյանի եւ Պարգեւ Սրբազանի զրույցն է:  Այդ ձայնագրություններից, ըստ Լիլիթ Թորոսյանի ցուցմունքի, պարզ երեւում է, թե ինչպես են նրանք պայմանավորվում Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու մասին: Նախաքննական ցուցմունքում Լիլիթ Թորոսյանը նաեւ նշել է, որ Վահան Շիրխանյանը խոստացել է Արթուր Վարդանյանին ծանոթացնել Սեյրան Օհանյանի հետ, սակայն, նրանց հանդիպումն այդպես էլ չի կայացել: Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը պնդեց, որ Լիլիթ Թորոսյանի ցուցմունքն ուղղորդված է, Վահան Շիրխանյանի պաշտպանն էլ հայտարարեց, թե Լիլիթ Թորոսյանը համագործակցել է Ազգային անվտանգության ծառայության հետ, որի հանձնարարությամբ էլ շփվել է զինված խմբի անդամների հետ։

Տրանսպորտի նախարարությունում սեպտեմբերի 1-ը մեկնարկել է ռումբի տեղադրման մասին ահազանգով:  Անհայտ անձը ժամը 10:30-ի սահմաններում զանգել էր ոստիկանություն եւ հայտնել, թե պայթուցիկ սարք կա տեղադրված: Շուրջ 2 ժամ որոնողական աշխատանքներ կատարելուց հետո ԱԻՆ-ը հայտարարեց, որ ահազանգը կեղծ է եղել: Ահազանգի հեղինակին ոստիկանությունը որոնում է:

Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում հոսող ջրատարում այսօր երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել:  Կնոջ մարմինը փրկարարները ջրատարից դուրս են բերել հատուկ ճոպանների միջոցով: Դեռեւս հայտնի չէ երիտասարդ կնոջ ինքնությունն ու մահվան հանգամանքները։

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է գնացել 40 հազար առաջին դասարանցի: 9 դպրոց ընդհանրապես առաջին դասարանցի չի ունեցել, 13 դպրոց փակվել է, այստեղ ընդհանուր թվով 230 ուսուցիչ էր աշխատում: 

Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում առաջին դասարան է գնացել 2015թ. սահմանին հակառակորդի գնդակոծությունից զոհված Հայկ Թեւանյանի կրտսեր որդին: 6-ամյա Արամին առաջին օրը դպրոց են ուղեկցել հոր ծառայակից ընկերները: Այս դպրոցում է սովորել նաեւ Հայկ Թեւոյանը, այժմ այնտեղ նրա անունը կրող դասասենյակ կա, որտեղ էլ առաջին դասն է անցկացրել Հայկի կրտսեր որդին:

Եվրոյի եւ ֆունտի փոխարժեքները սեպտեմբերի 1-ին  աճել են շուրջ 2,5 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 570 դրամ, դոլարինը՝ 478, ֆունտինը՝ 618, ռուբլունը՝ 8 դրամ 25 լումա:

Հանրապետությունում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի,  իսկ սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում նույնպես սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն: