Հայաստանը տարածաշրջանում առաջատար է կիբեռանվտանգության ոլորտում։ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Մեր երկիրն արդեն ընդունել է Եվրոպական կոնվենցիան ընդդեմ կիբեռհանցագործությունների, որն էլ նպաստում է ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ առանց կիբեռանվտանգության բավարար մակարդակի ՏՏ զարգացումն ուղղակի անիմաստ երազանք է»,- ասաց նա:

Ռ. Կիրակոսյանի խոսքով՝  կիբեռանվտանգությունը այժմ կազմում է Հայաստանի անվտանգության անքակտելի մասը, եւ սա է այն առավելությունը, որ Հայաստանն ունի Ադրբեջանի եւ իր բոլորի հարեւանների նկատմամբ։

«Մենք գտնվում ենք կիբեռհանցագործությունների կենտրոնում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համակարգչային հաքերների կողմից որպես կիբեռհարձակման թիրախ հաճախ ընտրում էին Հայաստանի կառավարության եւ մասնավոր ինտերնետային կայքերը»,-ասաց Ռ. Կիրակոսյանը՝ նշելով, որ այդ ցանցային պատերազմում Հայաստանը գիտակցում է կիբեռհարձակումներից պաշտպանվելու կարեւորությունը` այդ թվում կառավարական, տնտեսական եւ պաշտպանական այլ ոլորտներում:

«Կիբեռտարածքը այժմ դարձել է նոր մարտի դաշտ, եւ առանց այդ տարածքի  պաշտպանության ուղղակի պակասում է վստահությունը էլեկտրոնային կոմերցիայի, օնլայն բանկային ծառայությունների նկատմամբ, իսկ արտասահմանյան ներդրումները պարզապես նվազում են»,-ասաց Ռ. Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը օպտիկամանրաթելային մալուխը վտանգից պաշտպանելու համար պետք է ավելի շատ ջանք գործադրի, քանի որ առանց կիբեռանվտանգության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում ընդամենը երազանք է: