Դեկտեմբերի 13-ին Հայաստանում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունն այցելել է տարբեր վանքեր:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ օրվա սկզբին ռուս պատվիրակները մեկնել են Կեչառիսի վանական համալիր, այնուհետեւ Գեղարդավանք: Վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել Գեղարդավանքում` ծանոթանալով վանքի պատմությանը եւ ներկայիս կյանքին:

Օրվա ավարտին Նոր Նորքի հայորդյաց տան սաներն ի պատիվ հյուրերի պատրաստել էին համերգային ծրագիր, որի ավարտին Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Ռուս Եկեղեցու պատվիրակությանը հանգամանորեն ներկայացրել է մանուկների եւ պատանիների հետ Հայ Եկեղեցու կողմից տարվող աշխատանքը:

Դեկտեմբերի 14-ին պատվիրակությունը Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:  

Հուշահամալիրում Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը ծաղկեպսակ է դրել, ապա աղոթել Հայոց Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար: Հիշողության պուրակում միտրոպոլիտ Իլարիոնը նաեւ ջրել է Մոսկվայի եւ Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի ձեռամբ տարեսկզբին տնկված ծառը:

Այնուհետեւ պատվիրակությունն ուղեւորվել է Երեւանում կառուցվող Ս. Խաչ ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:

Կեսօրին պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: