Իրանի հետ սահմանին՝ Ազատ տնտեսական գոտում, Հայաստանն ուրախ կլինի տեսնել նաեւ ռուսական բիզնեսը։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Երեւանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հանրապետությունը բաց է ցանկացած, այդ թվում՝ ռուսական ներդրումների համար, ասել է նա։
Նման համագործակցության պատրաստակամություն է հայտնել նաեւ ՌԴ վարչապետը։ «Մենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք, դուր գալիս է դա ինչ–որ մեկին, թե ոչ։ Այդ պատճառով եթե ԵՏՄ–ում մեր ընկերները Իրանի հետ նման գոտի են ստեղծում, մենք պատրաստ ենք մասնակցել նաեւ դրա զարգացմանը, այդ թվում՝ հրավիրել ռուսական բիզնեսին»,– ասել է Մեդվեդեւը։
Դրա համար կքննարկվի արտահանման աջակցության գծով ռուսական պետական կազմակերպությունների մասնակցության հարցը, հավելել է նա։




























