Ղրղզստանը չի ապահովում Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսային պատշաճ կարգը։ Այս մասին հոկտեմբերի 25-ին՝ Երեւանում Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստում, ասել է Ղազախստանի վարչապետ Բակիթջան Սագինտաեւը։
Նա նշել է, որ դեպի Ղրղզստան Չինաստանի արտահանման թվերն ավելի մեծ են, քան Չինաստանից Ղրղզստանի ներմուծման մասին տվյալները։ Թեպետ դրանք պետք է նույնը լինեն։
2015 թվականին, համաձայն չինական կողմի, արտահանումը կազմել է 4.3 մլրդ դոլար, իսկ Ղրղզստանի տվյալներով՝ 1 մլրդ դոլար։ 2016-ին տվյալների տարբերությունը կազմել է 5.6 մլրդ դոլար եւ 1.5 մլրդ դոլար։ Եվ վերջապես 2017-ի 8 ամիսներին այդ տարբերությունը եղել է 2.6 մլրդ դոլար եւ 900 մլն դոլար։
Այդուհանդերձ, անգամ այս տվյալներով Ղրղզստան է ներմուծվում մեկ մարդու հաշվարկով մի քանի կգ հագուստ եւ կոշիկ։ Կոշիկի ներմուծման աճը կազմել է մեկ մարդու համար 15 զույգ, այդ թվում՝ երեխաների, հավելել է Սագինտաեւը։
Բացի այդ, ղրղզական կողմը մաքսազերծման համար շատ ցածր վերահսկիչ գներ է սահմանել, մի քանի անգամ ավելի ցածր, քան հարեւան Ղազախստանում։ Այդ ամենը բերում է նրան, որ չինական ապրանքների ներմուծումը ԵՏՄ անցնում է Ղրղզստանով, ընդ որում, ոչ այնքան օրինապահ ճանապարհով, ասել է վարչապետը։
Արդյունքում ԵՏՄ–ում մաքսային տուրքերը 3 տարում 825 մլն դոլարով ավելի քիչ են հավաքվել, իսկ ԱԱՀ–ն՝ մոտ 1.9 մլրդ դոլարով պակաս է հավաքվել։ Ընդհանուր վնասը կազմել է մոտ 2.8 մլրդ դոլար (Հայաստանի բյուջեի տարեկան եկամտի չափով. Խմբ.)։
Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի վարչապետ Սափար Իսակովն ասաց, որ որպես նիստում նախագահող՝ ինքը բավանեճի մեջ չի մտնի, սակայն հանրապետության իշխանություններն անպայման իրենց կարծիքը կհայտնեն։











