Պետդուման վավերացրել է ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պայմանագրի նպատակն է ապահովել ԵՏՄ–ում միասնական մաքսային կարգավորում։ Մաքսային օրենսգիրքն ուղղված է մաքսային գործողությունների օպտիմալացմանը, մաքսային կանոնների հետագա ազատականացմանը եւ առանձին գործող համաձայնագրերի կոդիֆիկացիային։ ԵՏՄ ՄՕ–ն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ին։
ՄՕ նորմերը ենթադրում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը, ավտոմատացնել մաքսային գործողությունները, կիրառել մեկ պատուհանի մեխանիզմ, իրականացնել ԵՏՄ արտաքին եւ փոխադարձ առեւտրի շարժի «հսկողության» մեխանիզմներ։
Մաքսային օրենսգրքով նախատեսվում է մաքսային գործողությունները տեղափոխել էլեկտրոնային հարթակ, հրաժարվել էլեկտրոնային հայտարարագրերի ներկայացման պահին փաստաթղթեր ներկայացնելուց եւ մաքսային գործողություններն իրականացնել ինֆորմացիոն համակարգերի միջոցով, առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության, հրաժարվել ապրանքների մասին փաստաթղթեր եւ տեղեկանքներ պահանջելուց, որոնք մաքսատունը կարող է ստանալ իր տեղեկատվական ռեսուրսներով։
Դրանից բացի, հնարավոր է համարվում ապրանքները մաքսատնից բաց թողնել կրճատված ժամկետներում՝ հայտարարագրի ներկայացումից 4 ժամ անց, ազատվել երկաթուղային, օդային փոխադրումների ժամանակ ապահովագրական վճարներից, մեկ ամսով հետաձգել վճարումները։



























