Կատալոնիայի խորհրդարանը ուրբաթ տեղի ունեցած նիստում գաղտնի քվեարկությամբ հայտարարել է Իսպանիայից Կատալոնիայի միակողմանի անջատման մասին: Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացոււցիչները, որոնք այն սկսվելուց առաջ նիստերի դահլիճը լքել են, փոխանցում է DW-ն:
Կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ է հանդես եկել 10 պատգամավոր, երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել, հայտնում է El Pais-ը:
Մեկ օր առաջ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը կրկին մերժել էր որպես ճգնաժամից դուրս գալու ելք վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջները:
Հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորները հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները՝ ընդունել էին հանրապետության անկախության մասին փաստաթուղթ: Այս հռչակագիրը ստորագրելով՝ Պուչդեմոնն ասել էր, որ խոսքը անկախության «խորհդանշական» հռչակման մասին է, իսկ փաստաթուղթը մտադրությունների հռչակագիր է:
Միեւնույն ժամանակ ուրբաթ Իսպանիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում քվեարկություն էր սպասվում Կատալոնիայի կառավարությանը լիազորություններից զրկելու հարցով: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը այս հարցը ներկայացնելով սենատորների քննարկմանը՝ առաջնորդվել է Սահմանադրության 155 հոդվածով, որով նախատեսվում է շրջանային կառավարության եւ խորհրդարանի լուծարում: Քվեարկության ելքը կանխատեսելի էր, քանի որ Սենատում մեծամասնություն է կազմում Ժողովրդական կուսակցությունը, որին է պատկանում Ռախոյը:
Դեռեւս հոկտեմբերի 21-ին ընդունված Իսպանիայի կառավարության որոշումը՝ Կատալոնիայի կառավարությանը լիազորություններից զրկելու մասին կարող է ուժի մեջ մտնել հոկտեմբերի 28-ին: Դրանից բազի, սենատորները կողմ են քվեարկել առաջիկա 6 ամիսներին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցին, որոնք կարող են տեղի ունենալ արդեն 2018 թվականի հունվարին:











