Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ  Հորթոնին: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի եւ Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման եւ Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»։ 

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային քաղաքականությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաեւ տնտեսության զարգացման  հեռանկարներին։ 

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս  օժանդակել Հայաստանի  կառավարության ծրագրերի իրականացմանը։