Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետեւ դրա պահանջն ու անհրաժեշտությունը չկա: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, քաղաքական արտահերթ ընտրություններն առաջին հերթին պետք է ունենան քաղաքական շարժառիթներ, որոնք, ըստ Զաքարյանի, գոյություն չունեն, քանի որ «պետական բոլոր ինստիտուտները բնականոն աշխատում են`կատարելով իրենց բոլոր գործառույթները»:

«Արտահերթ ընտրություններ չեն լինի նաեւ այն պատճառով, որ քաղաքական որոշումների կայացման գործընթացում չկա ճգնաժամային իրավիճակ, ընդհակառակը` այդ գործընթացը հստակ եւ անվարան կերպով առաջ է շարժվում»,-ասաց ԱԺ պատգամավորը` հավելելով, որ չկա նաեւ սոցիալական դժգոհությունների այնպիսի մակարդակ, որը երկրում որոշակի զարգացումների պատճառ կդառնար:

Ինչ վերաբերում է Հայ ազգային Կոնգրեսի այն պնդումներին, թե արտահերթ ընտրություններ են սպասվում, Արտակ Զաքարյանն ասաց. «2008 թվականի ընտրություններից հետո ՀԱԿ-ն անընդհատ խոսում է արտահերթ ընտրությունների մասին, որովհետեւ այլլ բան չունի խոսելու: Խորհուրդ կտայի, որպեսզի մեր քաղաքական ընդդիմադիր գործընկերները նախապատրաստվեին հերթական ընտրություններին»: