Amazon օնլայն ռիթեյլերի հիմնադիր եւ ղեկավար, միլիարդատեր  Ջեֆ Բեզոսի կարողությունը «սեւ ուրբաթի» զեղչերի օրը հասել է 100 մլրդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալկության տեղեկություններով՝ Բեզոսի ընկերության արժեթղթերի արժեքը 20 տոկոսով բարձրացել է մասշտաբային զեղչային առեւտրի հետեւանքով ներդրողների լավատեսության շնորհիվ: Դրա հետ մեկտեղ օնլայն խանութում «սեւ ուրբաթ» կատարված առեւտրի ցուցանիշները 18,4 տոկոսով ավելի շատ են եղել, քան անցյալ տարի, նշել է Bloomberg-ը:

Նախկինում Բեզոսի կարողությունը գնահատվում էր 93,1 մլրդ դոլար, նա մի քանի անգամ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում 1-ին տեղն է զբաղեցրել:

Amazon-ը աշխարհում ամենախոշոր համացանցային ռիթեյլերներից է: ԱՄՆ-ից բացի, աշխատում է Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում եւ Եվրոպայի երկրներում: Amazon.com համացանցային խանութը բացվել է 1995 թվականի հուլիսին: