ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցությունը բխում է եւ համապատասխանում Երեւանի արտաքին քաղաքական օրակարգին։ Այս մասին նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասաց ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած միջազգային կազմակերպությանը անդամակցելը բերում է ինքնիշխանության մի մասի կամավոր փոխանցմանը կամ որոշ սահմանափակմանը։ «Ակնհայտ է, որ, օրինակ, ԵՄ անդամ երկրները Բրյուսելին շատ ավելի մեծ ինքնիշխան իրավունքներ են փոխանցել, քան ԵՏՄ երկրները»,– նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ եվրոպական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը հենց անդամ երկրների կողմից հօգուտ Բրյուսելի իրենց սուվերեն իրավունքներից հրաժարվելն է։



























