Վրաստանի հետ ունենք ազատ առեւտրի համաձայնագիր, սակայն, օրինակ, մանդարին ներկրելու համար պետք է տեղեկանքների մի ամբողջ շարք ներկայացնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նրա փոխանցմամբ, Վրաստանից 5 կգ մանդարին ներկրելու համար անհրաժեշտ է 4 կգ փաստաթուղթ՝ քիմիկական, միջուկային, կենսաբանական, ֆիտոսանիտարական տեղեկանքներ կցել դրան, եւ սա ԵՏՄ-ի նոր նվաճումն է։

«Այսինքն, ստացվում է՝ 1000 դրամի մանդարինի Սադախլոից գնելու համար  մարդը 5000 դրամ պետք է ծախսի Թբիլիսի հասնելու եւ ֆիտոսանիտարական փաստաթուղթը ստանալու համար։ Եթե ԵՏՄ-ն համեմատում են շատերը ԽՍՀՄ-ի հետ, ապա արդիական է խորհրդային տարիների ասույթը՝ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի նոր տարին»,-նշեց նա։

Փաշինյանը խոսեց նաեւ մեկ այլ միտումի մասին. «Այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից Հայաստան սկսել են ներկրել բանջարեղեն։ Երբ հայտարարում են, որ ԵՏՄ-ն ընդհանուր շուկա է, հաշվի չեն առնում, որ  Կրասնոդարում եւ Հայաստանում ջերմոց ունեցողը գազի համար տարբեր գներ են վճարում, ուստի Կրասնոդարում եւ Արտաշատում արտադրվող լոլիկի համար տարբեր ծախսեր են արվում։ Հայաստանում արտադրվող լոլիկը 3 անգամ թանկ է նստում արտադրողի համար։ Այսինքն, մի լոլիկ ունեինք արտահանվող, այն էլ հիմա ներկրում ենք»։

Փաշինյանը խոսեց նաեւ Հայաստանում հաստատված բենզինի մենաշնորհի մասին։ «Երբ բողոքում էին, որ օլիգարխներին պատկանող  ՖԼԵՇ, CPS ընկերություններն են միայն ներկրում բենզին, հիմա նրանք են  «Ռոսնեֆթի» մենաշնորհի զոհ դարձել»,-նշեց Փաշինյանը։