Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման դեպքում Հայաստանը դե յուրե կճանաչի ԼՂՀ-ն, սխալ մոտեցում է. ճանաչումը պայմանավորել միայն պատերազմով, ճիշտ չէ, որովհետեւ մինչ այդ մենք բավական բան կորցրած կլինենք։ Դեկտեմբերի 20-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը ոչ թե պետք է դե յուրե ճանաչի Ղարաբաղը, այլ միանգամից հայտարարի մինչ այդ ճանաչված պետության հետ միացման մասին։ «Սակայն կարծում եմ, որ 2011 թվականին եւս ԼՂՀ ճանաչման հարցը հայաստանյան իշխանությունների սեղանին չի դրվի»,-համոզմունք հայտնեց Մանոյանը։
Նշենք, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սկսման դեպքում Հայաստանը դե յուրե կճանաչի ԼՂՀ-ն։




























