Իմ կարծիքը Սեյրան Օհանյանի մասին բարձր ու դրական է եղել, որովհետեւ նա եղել է մեր պաշտպանության նախարարը, մենք վստահել ենք նրան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Դիտարկմանը, որ Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստում, ապացույցների հետազոտման փուլում շոշափվել է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը. ըստ ձայնագրությունների վերծանման՝ Շիրխանյանն ասել է, որ Սեյրան Օհանյանն էլ է դժգոհ իշխանությունից, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք վստահել ենք նրան։ Ես նման հետազոտություններ չեմ արել»:
Ինչ վերաբերում է նրան, որ ըստ դատարանում հրապարակված գաղտնալսված ձայնագրությունների, որտեղ խոսել են գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանն ու զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը, Սեյրան Օհանյանը դժգոհել է ներկայիս իշխանություններից, պատգամավորը արձագանքել է. «Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, կարող է՝ կաշկանդվածություն ունեցել է։ Իսկ եթե նա ազատ մարդ է, քաղաքական գործիչ է, կարող է ազատ իր կարծիքները արտահայտել։ Բայց այդ կարծիքների իսկությունը պետք է ուսումնասիրել»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, քաղաքական գործիչը անսկզբունքայնություն չպետք է ցուցաբերեր եւ չընդունելով իշխանության մեջ եղած գործիչներին՝ նրանց հետ ճանապարհ չանցներ, այն դեպքում, երբ Օհանյանը նույն իշխանությունների հետ 15-20 տարի ճանապարհ է անցել։
Հարցին, թե չպե՞տք է Սեյրան Օհանյանը լույս սփռի այդ ամենի վրա ու հանդես գա հայտարարությամբ, Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե ինչ-որ մի հայտարարություն անում են կցկտուր, դա պետք է լինի շատ հստակ, անվանական»։











