Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ընդդիմադիր գործչի ելույթ էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 21-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեուն Զուրաբյանը: Նա նշեց, որ  երկրում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում՝ նկատի ունենալով վերջին պաշտոնանկությունները:

«Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ երկրի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Հատկանշանական է, որ երկրի գործող ղեկավարի գնահատականներում այս աննախադեպ պայծառացումը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման 3-րդ տարում»,-հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը որեւէ բացատրություն չի տալիս, թե ինչու իր պաշտոնավարման տարիների ընթացքում «տեղի ունեցավ կրիմինալիզացիա, քրեապետական բարքերի հաստատում, քաղաքական-տնտեսական համակարգերի ենթարկում մի  քանի քրեապետերի ապօրինի հարստացման նպատակներին»:

Լեւոն Զուրաբյանը հավելեց նաեւ, որ այս արատավոր համակարգի ստեղծողն այսօր առերեւույթ քայլեր է անում՝ քրեապետությանը մարդկային դեմք հաղորդելու ուղղությամբ: «Այս ամենն ունի շատ պարզ բացատրություններ: Առաջին. ռեժիմն, ի դեմս Սերժ Սարգսյանի, խոստովանում է, որ ի վիճակի չէ պահպանել վարչախմբի շահերը սպասարկող այս արատավոր համակարգը, քանի որ իր արտաքին եւ ներքին բոլոր նախաձեռնությունների տապալման արդյունքում սպառվել են ռեժիմի կյանքի երկարացման համար անհրաժեշտ ռեսուրսները»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը:

«Սերժ Սարգսյանը միացել է  ընդդիմության կողմից իրականացվող ավազակապետության դեմ պայքարին»,-նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ երկրի ղեկավարի կողմից կատարվող քայլերը կիսաքայլեր են եւ միտված չեն երկրում իրական ժողովրդավարական ռեֆորմներ իրականացնելուն:  
Նա նաեւ ընդգծեց, որ վարչախումբը անդառնալիորեն գնում է դեպի կործանում, ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ  Գորբաչովի, Միլոշեւիչի եւ այլ տոտալիտար ռեժիմների ղեկավարների օրոք: