ՀԱՊԿ-ն հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ գործնական փոխգործակցության օգտին՝ ահաբեկչության, զանգվածային խոցման զենքի տարածման եւ թմրատրաֆիկի դեմ պայքարում: Այդ մասին դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Արեւմտաեվրոպական ուղղությամբ շարունակվում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների մերձեցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն, որը չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է Բորդյուժան:
Խոսելով Հարավային Կովկասի իրավիճակի մասին՝ Բորդյուժան նկատել է, թե իրավիճակի կայունացմանը չի նպաստում «վրացական իշխանությունների դիրքորոշումը, հակառուսական հիստերիայի տարածումը նաեւ ռազմական պոտենցիալի վերականգնմանն ուղղված քայլերը»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել նաեւ Ադրբեջանի ռազմական բյուջեի անհամաչափ մեծացման կապակցությամբ:





























