Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին պայմանագիրը»:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը. Միլլի Մեջլիսի նիստում դեկտեմբերի 21-ին կայացել է պայմանագրի քննարկումը: Պայմանագրի մասին տեղեկություններ է ներկայացրել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը:
Սեիդովն ասել է, թե փաստաթղթում, բացի ռազմա-տնտեսական հարցերից, նշվում են տնտեսական, հումանիտար եւ գիտական համագործակցության հարցեր:
Պայմանագրի վավերացման օգտին քվեարկել են 112, դեմ՝ 1 պատգամավոր:
Նշենք, որ պայմանագիրը ստորագրել էին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Աբդուլլահ Գյուլը այս տարվա օգոստոսի 16-ին՝ Բաքվում: Պայմանագիրը բաղկացած է 23 հոդվածներից:




























