Հայաստանում ընդերքի շահագործման նկատմամբ վերահսկողությունը բավարար մակարդակի վրա չէ, այսօր՝ դեկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Վերահսկիչ պալատը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման կապակցությամբ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը մեղադրել էր այն բանում, որ հանքավայրը շահագործվել է լիցենզիոն պայմանների խախտմամբ:

Նշենք, որ ընդերքի շահագործման լիցենզիաները տրամադրում է հենց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը։ Ա. Մովսիսյանն ասաց, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներով:

Ինչ վերաբերում է «Ընդերքի մասին» օրենքի նախագծին, որը կառավարությունը հետ էր վերցրել Ազգային Ժողովի օրակարգից, ապա նախարարն ասաց, որ այն որոշ փոփոխություններով անպայման նորից կներկայացվի խորհրդարանին։ Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը՝ նախարարը չմանրամասնեց։