Անցնող 2010 թվականի ընթացքում ամենակարեւորը տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, այդ հարցում քաղաքական տարակարծություններ ու տաընթերցումներ կային քաղաքական ուժերի շրջանում, սակայն ՍԴ-ն որոշում կայացրեց եւ որոշակի հստակություն մտցրեց այդ խնդրում;

Նիկոյանը հիշեցրեց, որ թեեւ Թուրքիան շատ բացասաբար ընդունեց հայ-թուրքական արձանագրությունների մասով Հայաստանի ՍԴ որոշումը, սակայն համանախագահող երկրները նորմալ ընդունեցին: Հետագայում, երբ պարզ դարձավ, որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, Սերժ Սարգսյանը առկախեց արձանագրությունների վավերացման գործընթացը: «Այժմ երբ Թուրքիան շարունակում է պնդել, որ հանդիպումները, բանակցությունները շարունակվում են, դրանք ընդամենը քաղաքական հնարքներ են, Թուրքիայի նկատմամբ միջազգային վերաբերմունքը բարելավելու համար:  Թուրքիան բազմաթիվ հայտարարությունների փոխարեն պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները»,- ընդգծեց Նիկոյանը:

ԱԺ փոխնախագահը խոսեց նաեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին, նշելով, որ անցնող տարին հագեցած էր նաեւ ԼՂ  բանակցային գործընթացի առումով: Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում էր իր համար ձեռնտու որոշումներ պոկել, դրա համար էլ բանակցային հանդիպումներից հետո սադրանքներ էին լինում:

«Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում կարեւոր էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների ելույթները, դա առաջին փաստաթուղթն էր, որտեղ հստակ ասվում էր ազգերի ինքնորոշման իրավահավասարության դրույթը:
ՄԱԿ-ի կանոնակարգի կարեւոր դրույթներն էր նշում: Մենք արտաքին քաղաքական առումով բավական հաջողություն գրանցեցինք այս տարի»,- նշեց Նիկոյանն ու հավելեց. «ԼՂ հարցում տարին փակում ենք ավելի վստահ, դեպի ապագան միտված, որովհետեւ միջազգային հանրությունը ԼՂ հարցի լուծումը տեսնում է երեք սկզբունքների վրա»: