Ղարաբաղյան հարցը 2011 թվականին չի լուծվի, սակայն  որոշ տեղաշարժեր՝ տարածաշրջանում ԱՄՆ վարած քաղաքականության արդյունքում, մանավանդ աշնանը, հնարավոր են: Դեկտեմբեր 22-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը: Նրա խոսքով, Ղրաբաղի հարցը չի լուծվի, քանի որ դա  ձեռնտու չէ ո՜չ Հայաստանի, ո՜չ էլ Ադրբեջանի իշխանությունների համար։

«Ե՜վ Հայաստանում, ե՜ւ Ադրբեջանում ղարաբաղյան հարցը դարձել է պարզապես իշխանություն պահելու ամենահարմար միջոցը: Ղարաբաղը պատճառ է, որով պայմանավորում են Հայաստանում եւ Ադրբեջանում  առկա գրեթե բոլոր խնդիրները, սակայն  ԼՂՀ-ն չպետք է մանրադրամ դառնա եւ պատասխանատվություն կրի բոլոր ձախողումների համար»,- ասաց Սարգսյանը:

Նրա ներկայացմամբ, աշխարհի գերտերություններին ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում հակամարտություն լինի, նրանք շահագրգռված են տարածաշրջանում անկայունության պահպանմամբ, սիկ խաղաղությունը ցանկալի է միայն հակամարտության գոտու բնակիչներին:

Ամփոփելով՝ Արա Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի բոլոր 3 նախագահներն էլ մսխել են ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը,սակայն նրանցից  միայն Սերժ Սարգսյանն է, որ փորձում է շտկել իրավիճակը։ «Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանն արագ կիրականացնի ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ արած իր հայտարարությունը»,- նկատեց Սարգսյանը՝ նկատի ունենալով պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում Հայաստանի կողմից ԼՂՀ դե յուր ճանաչելու հարցը: